Հայ Առաքելական եկեղեցին այս տարի ապրիլի 14-ին է նշում Ծաղկազարդի տոնը՝ Տեր Հիսուս Քրիստոսի` Երուսաղեմ հաղթական մուտքի հիշատակը։

Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ տոնը տարիներ առաջ նաև հռչակվել է որպես մանուկների օրհնության օր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ տոնի առիթով Միածնաէջ Մայր Տաճարի շրջակայքում ժամը 10:00-ին, հանդիսապետությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, մեկնարկել է  Անդաստանի արարողությունը և մանուկների օրհնությունը:

Մայր Աթոռի միաբանությունը ժամը 11:00-ին Ս. Պատարագի արարողությանը կմասնակցի Սուրբ Գայանե վանքում, որի ավարտին տեղի կունենա մանուկների օրհնության կարգ:

Երեկոյան` ժամը 17:30-ին, Սուրբ Գայանե վանքում կկատարվի Դռնբացեքի արարողությունը: Այս մասին տեղեկացրել է  Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանը:

Ժամը 11.00-ին, բոլոր եկեղեցիներում է մատուցվելու բաց խորանով Ս.Պատարագ, և ցանկացողներն, առանց պահքը խախտելու, կարող են հաղորդվել: Ս.Պատարագի ավարտին բոլոր եկեղեցիներում կկատարվի Մանուկների օրհնության կարգ: Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ.Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ թեմի եկեղեցիներում Ս.Պատարագի ավարտին կկազմակերպվեն մի շարք միջոցառումներ: