ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կոնդի Ս. Հովհաննես եկեղեցում ներկա գտնվեց «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի գլխավոր խմբագիր, ՀՀ վաստակավոր լրագրող Տիգրան Ֆարմանյանի հոգեհանգստի արարողությանը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վարչապետն իր ցավակցությունը հայտնեց Տիգրան Ֆարմանյանի հարազատներին։

Երկարատեւ ծանր հիվանդությունից հետո ապրիլի 24-ի առավոտյան կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր լրագրող Տիգրան Ֆարմանյանը:

Ծնվել է 1953թ. Վրացական ԽՍՀ Ասպինձայի շրջանի Դամալա գյուղում:

Տեղի միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո 1970-1975թթ. սովորել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժնում:

1976-1987 թթ. աշխատել է «Երեկոյան Երեւան» թերթում որպես գրական աշխատող:

1987-1990թթ. եղել է ՀԿԿ Երեւանի քաղաքային կոմիտեի հրահանգիչ:

1990թ. հոկտեմբերից՝ «Հայաստանի Հանրապետություն»  օրաթերթի հիմնադրման շրջանից սկսած, աշխատանքի է անցել թերթում որպես մեկնաբան, իսկ երկու տարի անց՝ 1992 թ. հոկտեմբերին, նշանակվել է գլխավոր խմբագրի տեղակալ, «Փետրուար» երիտասարդական շաբաթաթերթ-հավելվածի խմբագիր:

1995թ. նշանակվել է ՆԳՆ «02» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր:

2001թ. ստանձնել է «Հանրապետություն» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի, «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի գլխավոր խմբագրի պաշտոնը: Որպես «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի գլխավոր խմբագիր գործունեությունը շարունակել է  2017թ. նոյեմբերին կառավարության որոշմամբ «Արմենպրես» պետական գործակալության հետ միավորվելուց հետո առ այսօր:

2007թ. արժանացել է ՀՀ վաստակավոր ժուռնալիստի կոչման, պարգեւատրվել գերատեսչական մի շարք պարգեւներով, շնորհակալագրով: