Հնդկաստանի Արեւմտյան Գաթեր լեռնաշղթան հայտնի է կենսաբազմազանությամբ եւ լավ ուսումնասիրված է։ Բայց եւ այնպես, զարմանալի էր Դելիի համալսարանի ասպիրանտ Սոնալի Գարգի հայտնագործությունը. ճամփեզրին նա գորտի նոր տեսակ է գտել, տեղեկացնում է «Մոյա պլանետա»-ն՝ հղում կատարելով Independent-ին։

Հայտնագործությունն արվել է դեռեւս 2013-ին, բայց շատ տարիներ են պահանջվել համեմատական հետազոտությունների եւ գենետիկ անալիզի համար, որոնք կհաստատեին, որ սա նոր տեսակ է։

Ինչպես ասում է Գարգը. «Մեր հայտնագործությունը ցույց է տալիս, որ դեռ քիչ բան գիտենք Արեւմտյան Գաթերի մասին։ Չնայած հետազոտությունների երկար պատմությանը՝ դեռ հետաքրքիր շատ բան կա։ Օրինակ, գորտերի այս տեսակը երկար ժամանակ մնացել է աննկատ, որովհետեւ նրանք ապրում են ծածուկ վայրերում եւ դուրս են գալիս մակերես միայն տարվա մեջ չորս օր՝ զուգավորվելու համար»։