Հռոմի Ֆրանցիսկոս պապը փետրվարի 5-ին պատարագ է մատուցել Աբու Դաբիի մարզադաշտում: Այդ մասին հայտնել Է Associated Press գործակալությունը: Այդ պատարագը դարձել է Հռոմի պապի առաջին եկեղեցական արարողությունը Արաբական թերակղզում:

Պատարագն անցկացվել է Zayed Sports City մարզադաշտում: Հռոմի պապը մարզադաշտ է ժամանել իր նշանավոր պապամոբիլով, նրան ողջունել են «Կեցցե պապը» և «Մենք սիրում ենք քեզ» բացականչություններով: Հաշվարկների համաձայն, պատարագին ներկա է եղել 135 հազար մարդ:

Պատարագի կազմակերպիչները հայտարարել են, որ արարողությանը հավատացյալներ պետք է ժամանեին հարյուր երկրից, դրան ներկա են եղել նաև մուսուլմաններ: Հռոմի պապը պատարագը մատուցել է իտալերեն լեզվով, այն ենթագրերի օգնությամբ թարգմանել են արաբերեն և անգլերեն:

Իր խոսքում նա դիմել է իրենց տներից հեռու գտնվող և ապագայի նկատմամբ վստահություն չունեցող հավատացյալներին: Նաև նա հորդորել է չափավորություն պահպանել: Կաթոլիկ եղեղեցու հաշվարկներով՝ ԱՄԷ-ի ինը միլիոն բնակիչներից շուրջ 1 միլիոնը կաթոլիկներ են, նրանց մեծամասնությունն օտարերկրացիներ են: Փետրվարի 5-ին Հռոմի պապը մեկնելու է ԱՄԷ-ից, որտեղ գտնվում է փետրվարի 3-ից: Այցի ընթացքում նա հանդիպումներ է ունեցել երկրի ղեկավարության, ինչպես նաև տարբեր կրոնական գործիչների հետ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: