Աբու Դաբիի գահաժառանգ արքայազն Մուհամեդ բին Զայիդ ալ Նահայանը պատմական է որակել Հռոմի Ֆրանցիսկոս պապի սպասվող այցն Արաբական Միացյալ Էմիրություններ, գրում է «ՌԻԱ Նովոստի»գործակալությունը:

Twitter-ի իր պաշտոնական էջում արքայազնը նշել է, որ Ֆրանցիսկոս պապը համարվում է «խաղաղության, հանդուրժողականության ու մարդկային եղբայրության կապերի ամրապնդման խորհրդանիշը»:

«Մենք անհամբեր սպասում ենք այդ պատմական այցին, որի միջոցով ձգտելու ենք մեծացնել ժողովուրդների խաղաղ գոյակցության ու երկխոսության հնարավորությունները», – գրել է Մուհամեդ բին Զայիդ ալ Նահայանը:

Գահաժառանգ արքայազնը պաշտոնական այցով Վատիկան է այցելել 2016 թվականին: ԱՄԷ այցի համար Հռոմի պապին համապատասխան հրավերն ուղղվել է այս տարվա հունիսին՝ երկրի արտաքին գործերի նախարարի կողմից:

Նշենք, որ Հռոմի պապի այցն ԱՄԷ նախատեսվում է 2019 թվականի փետրվարի 3-5-ը:
Մինչ այս Ֆրանցիսկոս Առաջինն արդեն այցելել է մի շարք մահմեդական երկրներ, այդ թվում՝ Թուրքիա, Ադրբեջան և Եգիպտոս:

ԱՄԷ-ում բնակվում է ավելի քան մեկ մլն քրիստոնյա, որոնցից շատերը կաթոլիկներ են Ֆիլիպիններից, Հնդկաստանից և մի շարք եվրոպական ու աֆրիկյան երկրներից