«ՌԻԱ Նովոստի» գործակալության հետ զրույցում Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնն արգելում է նախագահին երկխոսել Վենեսուելայի գործող իշխանությունների հետ:

Մադուրոյի խոսքով՝ նա տարիներ շարունակ փորձել է կապ հաստատել Վաշինգտոնի և անձամբ Թրամփի հետ, սակայն՝ ապարդյուն:

Մադուրոն ասել է, որ ինքը հաղորդագրություններ և ուղերձներ է հղել Թրամփին՝ թե՛ ներքին դիվանագիտական խողովակներով, թե՛ լրատվամիջոցներով՝ ձգտելով երկխոսություն ու հարգանք ապահովել կողմերի միջև՝ չնայած քաղաքական, մշակութային և գաղափարական տարաձայնություններին ու «այդքան տարբեր ազգային առանձնահատկություններին»:

Հիշեցնենք, որ Կարակասում զանգվածային բողոքի ցույցեր են սկսվել՝ ընդդեմ երկրի գործող նախագահ Նիկոլաս Մադուրոյի: Ընդդիմադիր խորհրդարանի նախագահ Խուան Գուաիդոն իրեն հռչակել է երկրի ժամանակավոր նախագահ:

ԱՄՆ-ը և մի շարք այլ երկրներ աջակցություն են հայտնել ընդդիմադիր առաջնորդին, սակայն կան մի շարք երկրներ, որոնք իրենց աջակցութունն են հայտնել Մադուրոյին:

Ավելի վաղ Մադուրոն հայտարարել է, որ խզում է դիվանագիտական հարաբերություններն ԱՄՆ-ի հետ՝ պահանջելով ամերիկացի դիվանագետներից երկիրը լքել 72 ժամվա ընթացքում, սակայն ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հրաժարվել է ընդունել այդ պահանջը՝ հայտարարելով, որ Մադուրոն նման որոշում կայացնելու լիազորություն չունի: