94 տարեկան հասակում վախճանվել է Ֆիլիպինների ամենահարուստ մարդը՝ մանրածախ առեւտրի մագնատ եւ SM Investments Corporation (SMIC) ընկերության նախագահ Հենրի Սին, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում կատարելով The Philippine Star պարբերականին։

«Նա երջանիկ մարդ էր՝ իմանալով, որ լքում է մեր աշխարհը, որն ավելի լավն է դարձել։ Նա ֆիլիպինյան մանրածախ առեւտրի, բանկային գործի եւ անշարժ գույքի ոլորտի խորհրդանիշն էր։ Ամենագլխավորն այն է, որ նա հոգատար հայր էր եւ հավատացյալ մարդ։ Ես կկարոտեմ նրան»,- ասել է SMIC տնօրենների խորհրդի նախագահ Խոսե Սիոն։

Նրա մահվան մասին ասվել է ընկերության  պաշտոնական հայտարարությունում, ընտանիքը հաստատել է լուրը։ Գործարարը մահացել է քնի մեջ, այլ մանրամասներ չեն նշվում։

2018թ. Սին Forbes-ի վարկածով գլխավորում էր Ֆիլիպինների ամենահարուստ մարդկանց ցուցակը՝ 18,3 մլրդ դոլար եկամուտներով։

Հենրի Սին չին-ֆիլիպինյան բիզնես-մագնատ էր, ներդրող եւ մարդասեր։ Նա աշխատում էր անշարժ գույքի, բանկային գործի, կրթության, առողջապահության եւ այլ ոլորտներում։ SM Prime Holdings ընկերության հիմնադիրն էր։