Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ նոր հանդիպման ամսաթիվն արդեն համաձայնեցված է:

Ինչպես նշում է minval.az-ը, ադրբեջանցի պաշտոնյան այս մասին ասել է Բրյուսելում Ադրբեջան-Եվրոպա համագործակցության խորհրդի նիստին հաջորդած մամուլի ասուլիսի ժամանակ:

«Շատ շուտով մենք երկկողմ հանդիպում կանցկացնենք: Մենք արդեն պայմանավորվել ենք ամսաթվի վերաբերյալ: Ըստ ավանդույթի՝ այդ մասին կհայտարարվի Երևանում և Բաքվում»,-ասել է Մամեդյարովը:

Հիշեցնենք, որ մարտի 29-ին Վիեննայում կայացել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը: Հանդիպումից հետո ԵԱՀԿ Մինսկի խումբը հայտարարություն էր տարածել, որում մասնավորապես նշվել էր, որ Փաշինյան-Ալիև հանդիպումն անցել է դրական և կառուցողական մթնոլորտում: