«Դեռ չեմ դիմել, սակայն պատրաստվում եմ դիմել դատարան»,- զրույցում ասաց ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախկին նախարարության տեղեկատվության եւ հասարակության հետ կապերի բաժնի պետ, մամուլի քարտուղար Աստղիկ Մարտիրոսյանը։

Նշենք, որ Մարտիրոսյանը վիրահատություն էր տարել, այդ նպատակով մայիսի 17-ից հունիսի 8-ը գտնվել է բուժհաստատությունում, վիրաբուժական բաժանմունքում: Նա բյուլետենի մեջ է եղել, սակայն նրան ազատել են աշխատանքից։ Նրա աշխատանքից ազատման հրամանը եղել է մայիսի 31-ին։ հրամանը ստորագրել է նախկին նախարար Գաբրիել Ղազարյանը:«Ինձ աշխատանքից ազատել են, երբ ես բյուլետենի մեջ եմ եղել և Աշխատանքային օրենսգրքին համապատասխան 2 ամսյա ժամկետի հետ կապված ծանուցումն արված չի եղել։ Այնպես որ, խախտվել է Աշխատանքային օրենսգրքի երկու կետ։ Ու այդ ամենը հիմք ունենանոլ պատրաստվում եմ դատարան դիմել»,-նշեց նա։

Նախարարությունից Մարտիրոսյանին ներկայացրել են համապատասխան հրաման՝ աշխատանքից ազատման, որտեղ հղում է արվել Կառավարության կառուցվածքային փոփոխության մասին օրենքին։

«Տրամաբանորեն հասկանում եմ, որ նախարարությունը վերակազմավորվել է և պետք է կրճատումներ լինեին, սակայն պետք է նաև պահպանվեն Աշխատանքային օրենսգրքի դրույթները և համապատասխան ծանուցում լիներ»,-հավելեց Մարտիրոսյանը։
Դիտարկմանը, թե նախարարության նախկին աշխատակիցները նույնպես դատարան կդիմեն, նա նշեց, որ դրանից տեղյակ չէ։

«Այս պահին փաստաբանիս հետ հայցադիմումը պետք է ձևակերպենք և ուղարկենք դատարան»,-շեշտեց նա՝ հավելելով, որ ամենայան հավանականությամբ հայցադիմումն ուղղված կլինի ԿԳՄՍ նախարարությանը, քանի որ այն հանդիսանում է նախկին նախարարության իրավահաջորդը։

ԿԳՄՍ նախարարության իրավաբանական վարչության պետ Էմիլ Մարգարյանն արձակուրդում էր, նրա հետ չկարողացանք կապ հաստատել։ Մեզ հետ զրույցում վարչության պետի տեղակալ Հասմիկ Մանուկյանը նշեց, որ տեղյակ չէ գործից և նման ծանուցում չեն ստացել։