ԵԿՄ վարչության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանը տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք։ ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ասել է Մանվել Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանը։ 

Նա նշել է, որ Գրիգորյանը 8 ամիս է ինչ գտնվում է «Նաիրի» բժշկական կենտրոնում, սակայն այսօր նրա առողջական վիճակը սրվել է․ «Մեկ ժամ առաջ ինքնազգացողությունը վատացել է, տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք։ Գիշերը տեսել եմ, իրեն շատ վատ էր իրեն զգում։ Մենք փաստաբաններով այսքան գոռում, ասում ենք մարդու վիճակը վատ է, երկրի քաղաքական ղեկավարությունը միտումնավոր մարդուն տանում է  դեպի մահը։ Բնականաբար, հերթական աստիճաններից մեկն էլ վերակենդանացման բաժանմունքն է։ Տեսնենք կամային հատկություններն ու հերոսական ողնաշարը որքան կդիմանա այս այլանդակ սրիկայություններին»։ 

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը մեղադրվում է 6 հոդվածով` ապօրինի զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ: