Անցյալ շաբաթ Մասաչուսեթսի Ներկայացուցիչների պալատը հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: «Մենք այստեղ ենք ցեղասպանությունը հիշելու  համար», – ասել է սենատոր Ուիլյամ Բրաունսբերգերը:

Արդեն 34 տարի նահանգի պետական պաշտոնյաները խորհրդարան են հրավիրում հայերին եւ իրավապաշտպաններին ամենամյա արարողությանը, որը կոչված է  ընդգծել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման կարեւորությունը, հաղորդում է Armenian Weekly-ը:

Իր ելույթում Միդլսեքս շրջանի շերիֆ Փիթեր Քութուջյանը մասնավորապես կիսվել է իր տատիկների եւ պապիկների պատմությամբ, որոնք կարողացել են Ցեղասպանության ժամանակ Ամերիկայում ապաստան գտնել:

«Ցեղասպանության պատմությունը մարդկային ողբերգությունների, քաջության, բարեգործության եւ հումանիտար օգնության պատմություն է», – նշել է ձեռնարկատեր եւ հայտնի բարերար Նուբար Աֆեյանը:

Իր հերթին, Մասաչուսեթսի նահանգի օրենսդիր մարմնում միակ հայ պատգամավոր Դավիթ Մուրադյանը նշեց, որ այդ օրը հիշեցում է 1915 թվականի ողբերգական իրադարձությունների մասին: Շատ կարեւոր է, որ մենք շարունակենք հարգել մեր նախնիների հիշատակը», – ասաց Մուրադյանը: