Նախագահ Արմեն Սարգսյանը մասնակցել է Մյունխենի անվտանգության համաժողովի հիմնական միջոցառումներից՝ «Եվրատլանտյան տարածաշրջանի ճգնաժամերի կարգավորում և ռազմավարական կայունություն» խորագրով փակ քննարկմանը: Քննարկումից հետո նա  լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ քննարկումը փակ ձևաչափով էր, շատ բան չի կարող պատմել դրանից, հաղորդում է Tert.am-ը:

Մի քանի բառով միայն ներկայացրեց, որ քննարկումը եղել է  Արևելքի և Արևմուտքի միջև երկխոսության մասին: «Դա շատ ցավալի է բոլորի համար, բոլորը դա գիտակցում են, երկրորդ նյութը միջուկային զենքերի, սպառազինությունների սահմանափակումների և նրանց կառավարման և նրանց հետ կապված վտանգների մասին էր: Երրորդ թեման նրա մասին էր, որ միջուկային զենքերը և նրանց կառավարումը,  նրանցից բխող վտանգերը միայն երկու, երեք  կամ չորս գերպետությունների խնդիր չէ, որովհետև այդ հակամարտության մեջ  սկսում են հայտնվել գործոններ, որոնք կախված չեն պետություններից, նույնիսկ նրանց որոշ վարչություններից, նախարարություններից, պաշտպանական, ռազմական համակարգերից»,- ասաց նա:

Այս համատեքստում նախագահը որպես օրինակ նշեց կիբերանվտանգությունը: «Ոչ պետական գործիչները կամ փոքր պետությունները, որոնք ունեն ամբիցիաներ և սխալ շահեր, կարող են գործոն դառնալ և իրական վտանգներ ստեղծել»,- ասաց նա:

Ըստ Արմեն Սարգսյանի՝ քննարկմանը մասնակիցների թիվը շատ տպավորիչ էր, հիմնանական մասը ԱՄՆ-ից էին եկել, ՆԱՏՕ-ի անդամ երկրներից էին:

«Իրականում շատ հետաքրքիր հանդիպում էր, շատ օգտակար»,- ասաց նա:

Նախագահի խոսքով՝ քննարկմանն ինքն էլ ելույթ ունեցավ: «Խախտած չեմ լինի ինֆորմացիա չտարածելու պայմանավորվածությունը, եթե ասեմ, որ մասնակիցներին հրավիրեցի իրենց երկխոսությունը, որը շատ էական է, շարունակել Հայաստանում, մասնակցելու այս տարի ամռանը Հայաստանում կազմակերպվելիք «Մտքերի գագաթնաժողովին»:

Ես չգիտեմ, թե քառասուն մասնակիցներից քանիսը կգան, բայց եթե նրանցից մի քանիսն էլ գան, մեզ համար հաջողություն կլինի, որովհետև կարծում եմ՝ մենք էլ ասելիք ունենք՝ լինելով փոքր պետություն: Ռազմավարական առումով շատ կարևոր տեղում, իսկապես քաղաքական, ռազմավարական, տնտեսական գործոնների խաչմերուկում գտնվելով՝  մենք ոչ միայն լսելու, սովորելու, այլ նաև ասելու իրավունք ունենք: Իմ հրավերը ծափերով ընդունեցին, բայց չգիտեմ, դա ինչ է նշանակում»,- պատմեց նախագահը:

Նշենք, որ նշյալ քննարկմանը մասնակցել են Եվրատլանտյան անվտանգության նախաձեռնության (Euro-Atlantic Security Initiative) համանախագահներ Վոլֆգանգ Իշինգերը, ՌԴ նախկին ԱԳ նախարար Իգոր Իվանովը, ԱՄՆ նախկին սենատոր Սեմ Նանը, ինչպես նաև Միացյալ Թագավորության խորհրդարանի անդամ Դես Բրաունը, ԱՄՆ էներգետիկայի հարցերով նախկին քարտուղար Էրնեստ Մոնիցը և այլք։