ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը դատարանում հրապարակեց մի շարք ցուցմունքներ՝ այդ թվում վարչապետի խորհրդական Արշակ Կարապետյանի ցուցմունքը:

Սակայն գործով դատավոր Դավիթ Գրիգորյանն ասաց, որ կան բազմաթիվ վկաներ՝ դատարանն էլ ծանոթ է, պաշտպանական կողմն էլ է ծանոթ, դատախազի կողմն էլ, ուստի, ըստ նրա, կարիք չկա, որ Ալումյանը հրապարակի նրանց ցուցմունքները: «Եթե ցանկություն ունեք մեջբերում կատարեք, բայց ոչ թե ցուցմունքի ամբողջ տեքստը  կարդացեք»,- ասաց Դավիթ Գրիգորյանը:

Ալումյանն էլ ասաց, որ եթե դատավորը ծանոթ լիներ ամբողջական ցուցմունքին, ապա կիմանար, որ ոչ թե ամբողջ ցուցմունքն է հրապարակվում, այլ մեջբերում է անում:

Միջամտեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը և ասաց, որ պետք է հայտարարություն անի:

«Այս ամենը չէր լինի, եթե ժամանակին քննչական մարմինն ու դատախազությունն այդ նյութերը ներկայացնեին: Մենք ստիպված լրացնում ենք այն բացը, որը թույլ է տվել քննչական մարմինը և զինդատախազությունը: Ուղղակի սա է պատճառը: Եթե կարծում եք, որ սա մեջբերում չէ, ապա ամեն մի ցուցմունքը 10,15, 20, 30 էջերից կազմված ցուցմունքներ են: Բազմաթիվ տարբեր հարցեր են տալիս: Սա ուղղակի մեջբերում է, եթե մեջբերում է, մեջբերման տակ հասկանում ենք մեկ նախադասություն, ապա այդ մեկ նախադասությամբ, չես կարող արտահայտել այն, ինչը միտքն ուզում է ասել:

Ես կրկնում եմ՝ պատճառը մեկն է, եթե իրենք ներկայացրած լինեին այդ ամենը, այսօրվա այս վիճակը չէր լինի: Մենք այն բացն ենք լրացնում, որը հատուկ թույլ էր տրվել քննչական մարմինների կողմից»,- հայտարարեց Քոչարյանը: