Ես ասել եմ, որ ապրիլի 1-ից մինչեւ հուլիսի 1-ը Սեւանի մակարդակը կբարձրանա 49 սմ-ով եւ այդպես է լինելու. երկու օրը մեկ մեկ սմ-ով բարձրանալու պրոցեսը կսկսվի արդեն հիմա: Այս մասին այսօր՝ մայիսի 2-ին, կառավարության նիստում հայտարարեց ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը:

«Սեւանի շրջակայքում դեռ ցուրտ է, դեռ հալոցքը չկա, երբ լինի, ջուրը կբարձրանա:

Մյուս ջրամբարներում բոլորում վիճակը լավ է»,-ասաց նա՝ հավելելով, որ նախորդ տարի, օրինակ, այս սեզոնին անգամ ջուր է բաց թողնվել Սեւանից:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին նշեց. «Մենք այս տարի շանս ունենք գյուղացիներին պատշաճ ոռոգման ջրով ապահովելու համար եւ հույս ունեմ, որ այդ շանսը կօգտագործենք: Եթե կլիմայի գլոբալ փոփոխությունները Հայաստանում այնպես արտահայտվեն, ինչպես այս տարի են արտահայտվել, կարող ենք ասել, որ մեր բախտը բերում է»:

Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը այլ կարծիքի էր. «Հետազոտություններ, կանխատեսումներ կան մինչեւ 2030, 2070 եւ 2100 թվականների համա: Տարբեր սցենարներով նախնական 2030-ին մոտ 11 տոկոսով նվազում է գետային հոսքը, սակայն կան նաեւ հետազոտություններ, որ մայիսից-հոկտեմբեր կնվազեն տեղումների քանակը: Մյուս կողմից կապված կասպից ծովից գոլորշիացման ավելացման հետ, հնարավոր են հեղեղումներ եւ մեծ տեղումներ ոռոգման սեզոնից դուրս: Դրա համար առավել քան արդիական է ջրամբարաշինությունը:

Արդեն այսօրվա դրությամբ, 1,23 աստիճանով արդեն ունենք ջերմաստիճանի բարձրացում»,-ասաց նախարարը: