Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընն,  ի պատասխան Սիրիայի քրդերի դեմ հարձակման դեպքում Անկարայի նկատմամբ տնտեսական պատժամիջոցներ կիրառելու ԱՄՆ-ի սպառնալիքին, ասել է, որ Թուրքիան պայքարում է ո՛չ թե քրդերի, այլ ահաբեկիչների դեմ:

«Սարսափելի սխալ է Սիրիայի քրդերին «Քրդըստանի աշխատավորական կուսակցության» և դրա սիրիական YPG (քրդերի ինքնապաշտպանական ուժեր) ճյուղի հետ նույնացնելը, որոնք ԱՄՆ-ում ընդգրկված են ահաբեկչական խմբավորումների ցուցակում: Թուրքիան պայքարում է ահաբեկիչների և ո՛չ քրդերի դեմ: Մենք կպաշտպանենք քրդերին և այլ սիրիացիներին բոլոր ահաբեկչական սպառնալիքներից»,- գրել է Քալընը «Թվիթերի» իր էջում:

«Թուրքիան ակնկալում է, որ ԱՄՆ-ն կհարգի մեր ռազմավարական գործընկերությունը, և չի ցանկանում, որպեսզի ահաբեկչական քարոզչությունը ստվեր գցի դրա վրա»,- մեկ այլ գրառմամբ ասել է Քալընը։

Նախագահի խոսնակը հավելել է, որ ոչ մի տարբերություն չկա ԻՊ-ի, ՔԱԿ-ի և YPG-ի միջև, և Թուրքիան կշարունակի պայքարել նրանց բոլորի դեմ: