Թուրքիայի քրդամետ «Ժողովրդադեմոկրատական» կուսակցության անդամ, խորհրդարանի՝ Ուրֆայից ընտրված պատգամավոր Օսման Բայդեմիրը շահել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Թուրքիայի դեմ դատական գործը:

Թուրքական T24 կայքը հաղորդում է, որ Թուրքիան պետք է 2975 եվրո փոխհատուցում վճարի Բայդեմիրին՝ նրա խոսքի ազատությունը ոտնահարելու համար:

Հիշեցնենք, որ Բայդեմիրը քննադատական ելույթ էր ունեցել՝ դեռևս 2006 թվականին «Քրդստանի աշխատավորական կուսակցություն» խմբավորման 14 գրոհայինի մահվան վերաբերյալ , որն ավելի ուշ թուրքական իշխանությունները համարել էին «ահաբեկչամետ քարոզչություն»:

Քուրդ պատգամավորին դատապարտել էին երկու ամսվա ազատազրկման, ինչից Բայդեմիրը կարողացել էր խուսափել տուգանքի վճարման շնորհիվ:

Բայդեմիրը դիմել է ՄԻԵԴ՝  մեղադրելով թուրքական դատարանին՝ կայացրած վճռով խոսքի ազատության իր իրավունքը խախտելու համար: