Մոսկվայում անցյալ տարի սպանված 57-ամյա Միխայիլ Խաչատուրյանի նկատմամբ, որի սպանության համար դատում են նրա երեք դուստրերին, հետմահու քրեական գործ է հարուցվել:

Գործը հարուցվել է «Խոշտանգումներ», «Սեռական բնույթի բռնի գործողություններ», «Սեռական բնույթի գործողությունների դրդում» հոդվածներով: Քննիչները ենթադրում են, որ տղամարդու պահվածքը կարող էր նրա սպանության դրդապատճառ դառնալ:

Հունիսին ՌԴ Քննչական կոմիտեն քույրերի դեմ վերջնական խմբագրմամբ մեղադրանք է ներկայացրել՝ «Նախնական պայմանավորվածությամբ մի խումբ անձանց կողմից իրականացված սպանություն» հոդվածով: Այս հոդվածով նրանց սպառնում է մինչև 20 տարվա ազատազրկում:

Ավելի վաղ ռուսական լրատվամիջոցները հրապարակել էին աղջիկների առաջին ցուցմունքների սղագրությունը: Հարցաքննությունների ժամանակ նրանք ամենայն մանրամասնությամբ պատմել են հոր հետ համատեղ կյանքի, նրա կողմից գործադրված նողկալի սեռական բռնությունների մասին:

Անցած տարվա հուլիսի 27-ի երեկոյան քույրերը մտել են հոր սենյակ և, տեսնելով, որ նա քնած է, սկսել են մուրճով ու դանակով հարվածներ հասցնել պարանոցի, գլխի, ինչպես նաև սրտի հատվածներում: Մյուս քույրը ցողացիր սարքով հատուկ նյութ է ցանել հոր աչքերին, որպեսզի նա կորցնի կողմնորոշումը:

Ցուցմունքների ընթացքում նրանք խոստովանել են, որ հորը սպանելուց հետո իրենց միտումնավոր վնասվածքներ են հասցրել, որպեսզի առաջ քաշեն ինքնապաշտպանության վարկածը: Նաև ցանկացել են պատմել, թե իբր հայրը դանակով հարձակվել է իրենց վրա, իսկ իրենք էլ պատահաբար սպանել են նրան կռվի ժամանակ: