Մոսկվայի շրջանային դատարաններից մեկը 44-ամյա «օրենքով գող» Արթուր Ղարիբյանին ազատազրկելու վճիռ է կայացրել՝ նրան մեղադրելով խոշոր չափի թմրանյութեր անօրինական պահելու մեջ։

«Պրայմ Կրայմ» տեղեկատվական գործակալությունը հայտնել է, որ Ղարիբյանը կալանավորվել է Մոսկվայի «Շեֆ kebab & steak» ռեստորանի մոտ։ Անձնական խուզարկության հետևանքով նրա մոտ հայտնաբերվել է մոտ 4 գրամ «մետադոն» տեսակի թմրանյութ։ Ղարիբյանի մեղքը ապացուցվելու դեպքում նրան 10 տարվա ազատազրկում է սպառնում։

Որոշ տվյալների համաձայն ծնունդով Բաքվից Արթուր Ղարիբյանը գողական ընտանիքի կողմից ընդունվել է Ալիկ Մինալյանի հետ միասին՝ Դաթո Տաշքենդսկայայի հովանավորությամբ եւ Շաքրոյի, Դեդ Հասանի ու Կրասնոդարի մարզում ապրող էլի մի շարք «օրենքով գողերի» համաձայնությամբ։

Առաջին անգամ ճաղերի հետեւում Արթուր Ղարիբյանը հայտնվել է 2010թ․՝ նույնպես խոշոր չափերի «մետադոն» պահելու մեղադրանքով, սակայն չորս ամիսը չլրացած՝ նա ազատ է արձակվել՝ ստանալով պայմանական ժամկետ։ Շուտով պայմանական ժամկետը խախտելու համար Ղարիբյանի հանդեպ հետախուզում է հայտարարվել։ Անցյալ տարվա հունվարին նրան բռնել էին Կիպրոսում, սակայն դատարանի ճանապարհին նրան հաջողվել էր փախչել։

Իրավապահները ակնկալում են, որ այս անգամ «օրենքով գողը» երկար ժամանակով կազատազրկվի եւ նրա ժամկետին կավելանա նաեւ նախորդ պայմանականը։