ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայում բանակցություններ է անցկացրել Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի հետ, որից հետո համաշխարհային առաջնորդները համատեղ ասուլիս են տվել:

Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, բանակցությունները տևել են ավելի, քան երեք ժամ: Պուտինը հայտարարել է, որ հանդիպումն անցել է գործարար և կառուցողական մթնոլորտում: Երկրների ղեկավարները կարողացել են քննարկել օրակարգային հարցերը:

Պուտինն ընդգծել է, որ տնտեսական համագործակցության ոլորտում ակնհայտ ձեռքբերումներ կան, սակայն որակյալ շարժ դեռևս տեղի չի ունեցել: Նա նշել է, որ Ռուսաստանն ու Ճապոնիան կարող էին 1,5 անգամ մեծացնել ապրանքաշրջանառությունը՝ հասցնելով 30 մլրդ դոլարի:

Կողմերը բավական ժամանակ են հատկացրել նաև Կուրիլյան կղզիների հարավային հատվածի խնդրի և խաղաղության պայմանագրի կնքման հեռանկարների քննարկմանը: Պուտինը նշել է, որ իրենք հաստատել են հետաքրքրվածությունը համաձայնագրի կնքման հարցում:

Աբեն, իր հերթին, տեղեկացրել է, որ իրենք հրահանգել են ուժեղացնել համատեղ տնտեսական գործունեության միջոցները Կուրիլյան կղզիներում:

Ճապոնիայի վարչապետը տեղեկացրել է, որ Պուտինի հետ պայմանավորվել են զարգացնել կապերը երկու երկրների ռազմական գերատեսչությունների միջև: