ՆԱՏՕ-ն մտադիր չէ Եվրոպայում միջուկային զենքով նոր ցամաքային համակարգեր տեղակայել անգամ ՄՓՀՀՊ-ի չեղարկումից հետո: Sueddeutsche Zeitung-ին տված հարցազրույցում այս մասին ասել է դաշինքի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոուզ Գետեմյուլերը:

Չորեքշաբթի եւ հինգշաբթի Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի կենտրոնական գրասենյակում, պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների բանակցությունները կանցկացվեն, որտեղ գլխավոր թեմաներից մեկը կլինի ՄՓՀՀՊ-ի շուրջ իրավիճակը եւ դաշինքի արձագանքման հնարավոր միջոցները:

«Մենք քննարկելու ենք, թե ինչպես է պետք արձագանքել նոր ռուսական հրթիռներին: Սակայն մենք մտադիր չենք Եվրոպայում միջուկային զենքով նոր ցամաքային համակարգեր տեղակայել», – ասել է Գետեմյուլերը՝ մեկնաբանելով ՄՓՀՀՊ-ի չեղարկմանն արձագանքելու տարբերակները:

Նա հավելել է, որ «բանակցությունների դուռը դեռ բաց է» եւ Վաշինգտոնը դեռեւս պատրաստ է պահպանել պայմանագիրը, եթե Ռուսաստանը ոչնչացնի 9Մ729 հրթիռները, գրում է «ՌԻԱ Նովոստին»:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ փետրվարի 2-ին Վաշինգտոնը սկսում է Ռուսաստանի հետ ՄՓՀՀ պայմանագրից դուրս գալու ընթացակարգը։ Ավելի ուշ նա նշել էր, որ կցանկանար նոր պայմանագիր կնքել:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 2-ին հայտարարել է, որ ՄՓՀՀՊ-ից ԱՄՆ-ի դուրս գալուն ՌԴ-ն  հայելային կպատասխանի եւ Ռուսաստանը նույնպես կդադարեցնի մասնակցությունը պայմանագրին։ Միեւնույն ժամանակ, Պուտինը հավելել էր, որ զինաթափման վերաբերյալ ՌԴ բոլոր առաջարկությունները «մնում են սեղանին եւ դռները բաց են», բայց պահանջել էր այսուհետ այդ խնդրի շուրջ որեւէ բանակցություն չնախաձեռնել։

Վերջին տարիներին Մոսկվան եւ Վաշինգտոնը պարբերաբար միմյանց մեղադրում են ՄՓՀՀՊ-ն խախտելու մեջ: Ռուսաստանը բազմիցս հայտարարել է, որ խստորեն հետեւում  է պայմանագրով իր պարտավորություններին: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ասել էր, որ Մոսկվան լուրջ հարցեր ունի ԱՄՆ-ին պայմանագրին հետեւելու հետ կապված: Նրա խոսքով Մոսկվայի կողմից ՄՓՀՀՊ-ն խախտելու մասին ԱՄՆ-ի մեղադրանքներն անհիմն են,  9Մ729 հրթիռը, որը կասկածելի է Վաշինգտոնի համար, փորձարկվել է պայմանագրով թույլատրելի հեռահարությամբ: