Միացյալ Նահանգների ամենախոշոր քաղաքը՝ Նյու Յորքը, սկսել է արագորեն դատարկվել. այն լքում են միջին խավի ներկայացուցիչները, գրում է The New York Post-ը:

Ինչպես նշում է թերթը, բնակչության թվաքանակի «ցնցող» կրճատման մասին է վկայում վերջին մարդահամարը: Միջինը քաղաքն օրական լքում է 100 բնակիչ: Գնացողների թիվը մեծապես գերազանցում է եկողների թվին: Այս երևույթը կապված է հարկերի բարձրացման, ապրուստի ծախսերի ավելացման և ցածր աշխատավարձերի հետ:

Վերլուծաբանների տվյալներով՝ այս ամենն ուժեղ հարված է հասցնում միջին խավին, և արդյունքում դրա ներկայացուցիչները լքում են քաղաքն այնպիսի մասշտաբով, որ այն կարելի է համեմատել 1930-ականների Մեծ ճգնաժամի տարիների հետ:

Այժմ քաղաքի բնակչության 48%-ը միջին խավի ներկայացուցիչներ են՝ տարեկան 30-60 հազար դոլար եկամտով, 31%-ն ավելի քիչ է վաստակում, իսկ մնացած 21%-ը համարվում է հարուստ:

Նշվում է, որ միջին խավը կրճատվում է ամբողջ երկրում, սակայն Նյու Յորքի նման քաղաքներում դա առավել նկատելի է: Ըստ վերջին հետազոտությունների՝ Նյու Յորքի 8,5 մլն բնակիչներից 1 միլիոնն անհանգստացած է, որ շուտով չի կարողանա ընտանիքին կերակրել: