Վիետնամի մայրաքաղաք Հանոյում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընի՝ նախատեսվածից շուտ ավարտված բանակցություններից հետո մեկնարկել է ԱՄՆ նախագահի ու պետքարտուղար Մայք Պոմպեոյի համատեղ մամուլի ասուլիսը, գրում է The Guardian-ը:

Նախագահը և պետքարտուղարը վերահաստատել են իրենց տեսակետներն առ այն, որ բանակցությունների դրական ընթացք ունեն: Պոմպեոն հայտնել է, որ վերջին 24-36 ժամվա ընթացքում կողմերն առաջընթաց են գրանցել: Նա նաև հույս է հայտնել, որ երկու երկրների պատվիրակություններն առաջիկա շաբաթներին նորից կհանդիպեն:

Հարցին, թե ինչու՞ ամերիկյան պատվիրակությունը հեռացավ բանակցությունների վայրից, Թրամփը պատասխանել է. «Պատճառը պատժամիջոցներն էին: Նրանք համաձայն էին ապամիջուկայնացմանն այն պայմանով, որ ամբողջովին չեղարկվեին իրենց երկրի նկատմամբ սահմանված պատժամիջոցները, իսկ մենք դեմ ենք դրան, հետևաբար՝ մեր պատվիրակությունը ստիպված էր հեռանալ»:

Նախագահը բացասական պատասխան է տվել հարցին, թե արդյո՞ք բանակցություններն ավարտելն իր գաղափարն էր՝ նշելով, որ ցանկանում է շարունակել հարաբերությունները ԿԺԴՀ-ի հետ, և գերադասում է ճիշտ, ո՛չ թե՝ արագ համաձայնության ձեռքբերումը:

«Միշտ պետք է պատրաստ լինել հեռանալու… Ես վստահում եմ նրան (Կիմ Չեն Ընին) և հավատում նրա խոսքին»,- հավելել է Թրամփը: