Ուկրաինայի փոխվարչապետ Վյաչեսլավ Կիրիլենկոն առաջարկել է հրաժարվել «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին մասնակցությունից՝ այն դեպքում, եթե մրցույթին այնպիսի կատարողների ուղարկեն, որոնք համերգներ են ունենում Ռուսաստանում: Այդ մասին Կիրիլենկոն գրառում է կատարել թվիթերյան իր էջում:

«Եթե «Եվրատեսիլ»-ում Ուկրաինան ներկայացնեն նրանք, ովքեր շրջագայում են Ռուսաստանում և նույնիսկ պատրաստվում են դա ցուցադրաբար շարունակել, ապա ավելի լավ է ընդհանրապես ոչ ոքի չուղարկել մրցույթին: Ստիպված չենք լինի ժամանակ վատնել՝ բացատրելով, որ իրականում Ուկրաինայի ու Ռուսաստանի Դաշնության միջև ոչ թե բարեկամություն ու հյուրախաղեր են, այլ ագրեսիա, բռնակցում և օկուպացիա»,- ասվում է փոխվարչապետի գրառման մեջ:

Ավելի վաղ «Եվրատեսիլ-2019» մրցույթում Ուկրաինան ներկայացնելու համար պայքարող երգիչների ցուցակում հայտնվել էր Ռուսաստանի քաղաքացի, «YUKO» երաժշտական խմբի անդամ Յուլյա Յուրինան, որը 7 տարուց ի վեր ապրում է Ուկրաինայում և վերջերս կեցության թույլտվություն է ստացել:

Ազգային ընտրության ֆավորիտներից է համարվում նաև MARUV կեղծանվամբ հանդես եկող Աննա Կորսունը, որի ինստագրամյան էջում տեղադրված են ապրիլին Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում կայանալիք համերգի պաստառները:

Հիշեցնենք, որ այս տարի «Եվրատեսիլ»-ն անցկացվելու է Իսրայելում՝ Թել Ավիվում: Հայաստանը մրցույթին կներկայացնի Սրբուկը, որը ելույթ կունենա մայիսի 16-ին՝ երկրորդ կիսաեզրափակչում: