Ուկրաինայի նախարարների կաբինետն արգելք Է սահմանել Ռուսաստանի հետ ոչ կանոնավոր ավիահաղորդակցության վրա՝ պետական անվտանգության ապահովման նպատակով: Ընդ որում 2015 թվականից երկրների միջեւ դադարեցված են բոլոր կանոնավոր չվերթները:

Որոշման նախագծով առաջարկվում Է պետությունների միջեւ դադարեցնել բոլոր չարտերային թռիչքները, բացառությամբ այն չվերթների, որոնք անհրաժեշտ են Միջազգային կազմակերպությունների, այդ թվում՝ ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի եւ Կարմիր խաչի առաքելությունների գործողություններն ապահովելու համար: Ճշտվում Է, որ այդ որոշումն ընդունվել Է այն բանից հետո, երբ երկրի ՆԳ նախարարությունում վերլուծել են Ուկրաինայի նախագահի թեկնածու Յուրի Բոյկոյի եւ «Ընդդիմադիր հարթակ- Հանուն կյանքի» կուսակցության քաղխորհրդի ղեկավար Վիկտոր Մեդվեդչուկի Մոսկվա ուղեւորությունը:

«Նա (Բոյկոն) օգտվել Է մեր օրենսդրության սողանցքից եւ Կիեւ-Մոսկվա ուղիղ չվերթով բանակցությունների գնացել ագրեսոր երկրի վարչապետի հետ»,- պարզաբանել Է հանրապետության ներքին գործերի նախարար Արսեն Ավագովը: Այդ կապակցությամբ, նրա խոսքով՝ Ուկրաինայի օդային տարածության օգտագործման նոր սահմանափակումները միտված են պետական անվտանգության պաշտպանությանը: