Մոտ ապագայում Ուկրաինան կսկսի ԱՄՆ-ից առանց միջնորդների զենք գնել, որոնց թվում նաև Javelin հրթիռային համակարգեր կլինեն, գրում է news.liga.net կայքը: Այդ մասին ԱՄՆ զինված ուժերի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտնել է Ուկրաինայի եվրաինտեգրման հարցերով փոխվարչապետ Իվաննա Կլիմպուշ-Ցինցաձեն:

«Նախագահ Պորոշենկոն արտերկրից առանց միջնորդների զենքի գնման վերաբերյալ օրենք է ստորագրել: Ես դա դրական ազդակ եմ համարում մեր երկրի պաշտպանունակության ամրապնդման հարցում»,- ասել է նա:

Բացի այդ՝ Կլիմպուշ-Ցինցաձեն նշել է, որ Ուկրաինան պատրաստվում է Միացյալ Նահանգների Foreign Military Financing ծրագրի անդամ դառնալ: Ծրագիրն ուղղված է այլ երկրների զինված ուժերի ֆինանսավորմանը:

Իր հերթին, ԱՄՆ զինուժի գեներալ-լեյտենանտ Քիթ Դեյտոնն ասել է, որ ԱՄՆ-ն կենտրոնացած է Ուկրաինային պաշտպանության ոլորտում արդյունավետ բարեփոխումների իրականացմանն աջակցելու վրա: