Ֆեյսբուքյան օգտատեր Լիլիթ Ղազարյանը, որ վերադարձել է Չինաստանից, հետևյալ գրառումն է արել.

«Չինաստանում ապրող ու աշխատող մի քանի հարյուր հայեր վերադարձել ու վերադառնում են Հայաստան, այդ թվում՝ ես ու իմ ընտանիքը։ Միակ ստուգումը, որ քիչ առաջ անցանք Չինաստանի օդանավակայանում, մարմնի ջերմության չափումն էր, մինչդեռ Կորոնավիրուսն իր գաղտնի շրջանում կարող է նաև չուղեկցվել ջերմության բարձրացմամբ, այսինքն՝ մենք բոլորս պոտենցիալ վիրուսակիրներ ենք… Հայաստանում՝օդանավակայան հասնելուն պես գոնե Չինաստանից ժամանած յուրաքանչյուր ուղևորի հիվանդանոց էր պետք տեղափոխել հենց օդանավակայանից՝ համալիր բուժզննում անցնելու նպատակով: Ջերմությունը չափելը նույնն է, թե ոչինչ չանել վիրուսի մուտքը Հայաստան կանխելու համար…

Կարծում եմ՝ այս ընթացքում Հայաստան անպայման չինացիներ էլ են ժամանել և էլի առանց լուրջ բուժզննման դուրս եկել օդանավակայանից։ Գուցե շուտով ՀՀ առողջապահության նախարարությունն ու մնացած կառույցները լուրջ միջոցառումներ կձեռնարկեն վերոնշյալի ուղղությամբ, բայց այդ «շուտով»-ն արդեն ուշ է…

Հ.Գ. «ՀՀ առողջապահության նախարարությունը խիստ ռեժիմով իրականացնում է ծառայություն։ Իսկ Չինաստանից ժամանած մեր հյուրերը ՀՀ տարածքում գտնվելու ամբողջ ընթացքում գտնվում են վերահսկողության տակ»,- տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։ Առողջ լինենք»:

Ի՞նչ է հայտնի նոր վիրուսի մասին

 2019-nCoV վիրուսը կորոնավիրուսի տեսակ է, որը մինչ այս չէր փոխանցվում մարդկանց։ Կորոնավիրուսները 2020 թվականի հունվարի տվյալներով 39 տեսակ ներառող վիրուսների ընտանիք են, որոնցից միայն 7-ն է ախտահարում մարդկանց։ Հետազոտողների կարծիքով վիրուսը մարդկանց փոխանցվել է կենդանիներից, բայց ընդունակ է մարդուց մարդուն փոխանցվելու։ Վիրուսով վարակման ախտանշաններն են մարմնի բարձր ջերմությունը, հազը, դժվարացած շնչառությունը։ Մարդկանց խորհուրդ է տրվում չդիպչել կենդանիներին, խուսափել վատ եփված ծովամթերք,  միս ու ձու օգտագործելուց, ինչպես նաև գրիպի ու հարբուխի ախտանշաններ ունեցող մարդկանց հետ շփվելուց։ 

Ինչպե՞ս են փորձում պայքարել նոր վիրուսի ներթափանցման դեմ

 Հայաստանում Չինաստանում արձանագրված նոր կորոնավիրուսի (2019-nCoV) դեպքերի ներկրումը Հայաստանի Հանրապետություն կանխելու համար ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը (ԱԱՏՄ) մի շարք քայլեր է ձեռնարկել։ Եթե ՀՀ սահմանը հատող անձի մոտ, ջերմությունից բացի, առկա են նաեւ վարակիչ հիվանդություններին բնորոշ կլինիկական այլ ախտանշաններ, ԱԱՏՄ աշխատակիցների կողմից ուղեւորը մեկուսացվում է՝ անձնակազմի եւ մյուս ուղեւորների հետ շփումը սահմանափակելու նպատակով։ Վերցվում եւ արձանագրվում են նրա տվյալները՝ դրանք փոխանցելու տվյալ անձի գրանցման կամ բնակության վայրի պոլիկլինիկա՝ հետագա վարումն իրականացնելու նպատակով։ Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը Առողջապահության նախարարության հետ համատեղ ձեռնարկել է նաեւ իրազեկման մի շարք միջոցառումներ։ Մասնավորապես, սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետերում տեղադրվել են տեղեկատվական պաստառներ, որոնց միջոցով տեղեկացվում է նոր վիրուսի, դրանով չվարակվելու եւ դեպքերի ներկրումը Հայաստանի Հանրապետություն կանխելու անհրաժեշտ քայլերի մասին։ Մասնավորապես՝ միջազգային ուղևորություններ ծրագրելիս` հաշվի առնել տվյալ երկրի համաճարակային իրավիճակը, գրիպանման երևույթների առկայության դեպքում դիմել բժշկի, չզբաղվել ինքնաբուժմամբ, Չինաստանից վերադառնալիս գրիպանման հիվանդություններին բնորոշ ախտանշանների դեպքում դիմել բժշկական օգնության՝ նշելով ճամփորդության մասին: