ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում կատարելով BFMTV հեռուստաալիքին նշում է, որ Փարիզում պայթյունի զոհ է դարձել չորս մարդ։ Այս մասին հեռուստաալիքին տեղեկացրել է Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Քրիստոֆ Քաստաները։

Նախարարի խոսքերով՝ զոհվածներից երկուսը հրշեջներ են։

Ավելի վաղ տեղեկացվում էր 36 տուժածի մասին, որոնցից 12-ը լուրջ վնասվածքներ են ստացել։

Փռում տեղի ունեցած պայթյունը Փարիզի 9-րդ օկրուգում՝ Թրեւիզ եւ Սենթ Սեսիլ փողոցների անկյունում, որոտացել է առավոտյան ժամը 9-ին մոտ։ Պայթյունից հետո հրդեհ է սկսվել, կոտրվել են հարեւան շենքերի ապակիները։

Նախնական տվյալներով՝  պայթյունի պատճառը գազի արտահոսքն է եղել։ BFMTV-ն նշում է, որ արտակարգ դրությունը ոչ մի կերպ չի կապվում «դեղին բաճկոնների» բողոքի ակցիաների հետ, որոնք այսօր տեղի են ունենում Ֆրանսիայի մայրաքաղաքում։