ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին իր ավանդական տարեվերջյան մեծ մամուլի ասուլիսի ժամանակ հարց են հղել նաև անձնական կյանքի մասին: Մասնավորապես՝ լրագրողներից մեկը հետաքրքրվել է, թե երբ է պատրաստվում Վլադիմիր Պուտինն ամուսնանալ և ում հետ:
«Դե, դրանք երկու տարբեր հարցեր են», – կատակել է նախագահը՝ հետաքրքրվելով, թե ամուսնացա՞ծ է արդյոք իրեն հարց ուղղող լրագրողը:
Ստանալով դրական պատասխան՝ Պուտինը կրկին կատակել է. «Նա ամուսնացած է և ցանկանում է, որ ինձ մոտ էլ լինի այնպես, ինչպես իր մոտ է»:
Պուտինի պատասխանին հետևել է ներկաների բուռն ծիծաղը:
«Թեև որպես բարեպաշտ մարդ՝ ես վաղ թե ուշ ստիպված եմ լինելու դա անել»,- ժպիտով ասել է ՌԴ առաջնորդը:
Հիշեցնենք, որ սա Վլադիմիր Պուտինի համար նախագահի պաշտոնում այս տարի վերընտրվելուց հետո առաջին և 2001 թվականից ի վեր 14-րդ ասուլիսն է, երբ հիմք դրվեց տարեվերջյան մեծ ասուլիսի ավանդույթին:
Այս տարի ավանդական ասուլիսին հավատարմագրվել է 1702 լրագրող, ինչը ռեկորդային ցուցանիշ է: Հայտնի է, որ անցյալ տարի Պուտինի հետ ասուլիսին հավատարմագրված է եղել 1640 լրագրող՝ ռուսական և միջազգային տարբեր լրատվամիջոցներից, նվազագույն շեմը, որ երբևէ գրանցվել է ՌԴ առաջնորդի մեծ ասուլիսի ժամանակ, 1250 է եղել: