Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել, հաղորդում է «Հյուրրիյեթ» պարբերականը:

Հեռախոսազրույցի ընթացքում Պուտինը շնորհավորել է թուրք պաշտոնակցին ծննդյան 65-ամյակի կապակցությամբ՝ հատուկ ընդգծելով ռուս-թուրքական հարաբերությունների զարգացման գործում նրա ունեցած «առանձնահատուկ վաստակը»:

Զրուցակիցները անդրադարձել են նաև ապրիլին Մոսկվայում կայանալիք երկկողմ գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքների ընթացքին:

Հիշեցնենք, որ Թուրքիայի և ՌԴ-ի հարաբերությունները սրվել էին 2015թ. նոյեմբերին թուրք-սիրիական սահմանին ռուսական Սու-24 ինքնաթիռի խոցումից հետո: Դրանից հետո Ռուսաստանը պատժամիջոցներ էր սահմանել Թուրքիայի նկատմամբ՝ արգելելով այդ երկրից սննդամթերքի, թռչնամսի, մրգերի որոշ տեսակների ներմուծումը, ինչպես նաև սահմանափակել էր ռուս զբոսաշրջիկների՝ Թուրքիայի հանգստավայրեր այցելելու հնարավորությունը։

Սակայն 2016թ.-ի ամռանը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կատարվածի համար ներողություն է խնդրել ռուսական իշխանություններից, ինչին հաջորդել են երկու երկրների հարաբերությունների վերականգնման աշխատանքները։