Մարտի մեկի գործով սահմանադրական կարգը տապալելու համար մեղադրվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուս նախկին պաշտոնյաների գործով դատական նիստը նշանակվել է սեպտեմբերի 12–ին։ Այս մասին NEWS.am-ին հայտեց Բարձրագույն դատական խորհրդի հասարակայնության հետ կապերի եւ արարողակարգի վարչության պետ Արման Խաչատրյանը: Նշենք, որ գործը մակագրվել է Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանին:

Քոչարյանի եւ մյուսների գործն ի սկզբանե եղել է Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի վարույթում, սակայն մեկ ամիս առաջ նրա լիազորությունները դադարեցվել են, քանի որ ՀՔԾ–ում քննվող քրեական գործով նրան մեղադրանք է առաջադրվել  պաշտոնեական կեղծիք կատարելու համար։

Հիշեցնենք, որ հունիսի 20–ին Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը որոշում կայացրեց Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների վերաբերյալ գործի վարույթը կասեցնելու առաջին ատյանի դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի որոշումը բեկանել եւ գործն ուղարկել նոր քննության։

Այս գործով մեղադրյալի կարգավիճակում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՀ ԶՈՒ նախկին գլխավոր շտաբի պետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը եւ ՀՀ նախկին փոխվարչապետ  Արմեն Գեւորգյանը։ Յուրի Խաչատուրովը եւ Սեյրան Օհանյանը մեղադրվում են սահմանադրական կարգը տապալելու մեջ, Ռոբերտ Քոչարյանը՝ ՀՀ սահմանադրական կարգը տապալելու եւ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, իսկ Արմեն Գեւորգյանը՝ ՀՀ սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու եւ հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու մեջ: Այս գործով կալանքի տակ է միայն Ռոբերտ Քոչարյանը։ Սեյրան Օհանյանի եւ Արմեն Գեւորգյանի նկատմամբ, որպես փախանման միջոց է ընտրված՝ չհեռանալու մասին ստորագրությունը, իսկ Խաչատուրովի նկատմամբ՝ գրավը։