Հայաստանի Հանրապետության  մի շարք երաժշտական և արվեստի դպրոցների տրամադրվեցին անհրաժեշտ փողային, լարային, ժողովրդական և այլ երաժշտական գործիքներ: Նախաձեռնությունն իրականացրեց ՀՀ մշակույթի նախարարությունը «Հանրապետության երաժշտական և արվեստի դպրոցների համար երաժշտական գործիքների ձեռքբերում»  2018 թվականի ծրագրի շրջանակում:

Երաժշտական գործիքների հանձնման հանդիսավոր արարողությունն անցկացվեց ապրիլի 12-ին Պ. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցում:

«Նոր Հայաստանի  մշակութային քաղաքականության  նպատակներից մեկն է  ոչ  միայն պահպանել Հայաստանում ձևավորված  երաժշտական կրթության հիանալի  ավանդույթները, այլև որդեգրել և զարգացնել ժամանակին համընթաց  նոր մոտեցումներ, որոնց շնորհիվ կատարողական արվեստի դժվարին ուղին ընտրած հայ երաժիշտները շարունակեն ներկայանալ համայն աշխարհին»:

Նա շեշտեց, որ երաժշտական կրթության դերը չափազանց կարևոր է պատանի սերնդի կայացման և դաստիարակության  ճանապարհին: «Այն լիարժեք համարվում է  համընդհանուր կրթության և բարեկրթության  անբաժանելի բաղադրիչ: Այդ ասպարեզում մեծ աշխատանք են կատարում հանրապետության երաժշտական ու արվեստի կրթօջախները, որտեղից սկիզբ է առնում և ձևավորվում է ապագա արտիստի կենսագրությունը»,-ասաց Ղարիբյանը:

Նրա փաստեց, որ  հանրապետության 55 երաժշտական և արվեստի դպրոցների 81 շնորհալի պատանիներ հնարավորություն կստանան շարունակել իրենց ընտրած ուղին նոր նվագարաններով, իսկ տասը ուսումնական հաստատություններում բացվող մասնագիտական նոր դասարանները կհամալրվեն համապատասխան գործիքներով:

«Հուսով եմ` պատանիներից շատերին տեսնել  մեծ համերգասրահներում և վստահ եմ, որ ՀՀ մշակույթի նախարարության  «Հանրապետության երաժշտական և արվեստի  դպրոցների համար երաժշտական գործիքների ձեռքբերում» ծրագրով 2018 թվականի ընթացքում գնված  երաժշտական գործիքները գտել են իրենց ճիշտ հասցեատերերին և կծառայեն մեր մշակութային ապագայի կերտմանը»,-ընդգծեց Նազենի Ղարիբյանը:

Մշակութային կրթության աջակցության հիմնադրամի տնօրեն Նելլի Սարգսյանն ասաց, որ սա մշակույթի նախարարության իրականացրած հաջողված ծրագրերից մեկն է: «Տարիների ընթացքում գնվել է 503 գործիք և բաշխվել  տարբեր երաժշտական ու արվեստի հաստատությունների: Ձեռք են բերվել ժողովրդական, լարային, փողային գործիքներ: Հաջորդ տարվա համար նախատեսում ենք գնել նաև դաշնամուրներ, որոնց կարիքը երաժշտական հաստատություններում կա: Ծրագիրը բավականին թանկարժեք է, բայց մենք փորձում ենք ձեռք բերել  դպրոցական գործիքներ, որոնք մատչելի են»,-նշեց Սարգսյանը:

Նա  շեշտեց, որ ձեռք են բերվել տեղական, չինական և այլ արտադրության երաժշտական գործիքներ:

Երաժշտական գործիքների հանձնման արարողությունն ուղեկցվեց համերգային ծրագրով, որի ընթացքում հայ և օտարազգի կոմպոզիտորների հանրահայտ ստեղծագործությունները հնչեցրեցին տարբեր երաժշտական հաստատությունների համույթներն ու մենակատարները: