Չելյաբինսկի տրակտորի գործարանը, որը «Ռոստեխ» պետական կորպորացիայի կազմի մեջ է, պատրաստվում է 2019 թվականին ստեղծել առաջին զրահապատ տրակտորը ականները վնասազերծելու համար, հաղորդում է Լենտա.Ռու-ն՝ հղում անելով պետկորպորացիայի Instagram-էջին:

Նշվում է, որ կոնստրուկտորները մշակել են ականազերծիչ համակարգ Բ10Մ2Ս եւ Բ12Ս զրահապատ տրակտորների համար, որը թույլ կտա վնասազերծել հակահետեւակային եւ հակատանկային ականները: Բացի այդ, մեքենաների կառուցվածքում կներմուծեն փոփոխություններ պայթյունի դեպքում անձնակազմի պաշտպանության համար:

«Այսպես, եթե ականազերծիչ համակարգը կանգնի պայթուցիկ սարքի վրա, որն ավելի հզոր է քան ականը, տրակտորի առջեւի մասում տեղադրված շարժիչը կպաշտպանի օպերատորին պայթյունի հետեւանքներից»,-պատմել են «Ռոստեխ»-ում:

Այնտեղ պարզաբանել են նաեւ, որ ականազերծիչ համակարգով տրակտորները տարբերվում են ավելի մեծ մանեւրայնությամբ եւ մոտոռեսուրսով, քան սակրավոր տանկերը, ընդ որում՝ դրանց պատրաստումը շատ ավելի մատչելի է: