Ազգային անվտանգության ծառայությունից անհետացած նյութերի դեպքով քրեական գործ չի հարուցվել, որովհետև դա յուրահատկություններ պարունակող գործ է, որը պետք է ամբողջությամբ բացահայտվի: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը:

«Որևէ մեկի մոտ թող կասկած չառաջանա, որ մենք փորձել ենք կոծկել այդ փաստաթղթերի անհետացումը կամ այդ փաստաթղթերի անհետացման հետ կապված ինչ-ինչ գործեր չեն բացահայտվի: Ուղղակի շատ մեծ ծավալի աշխատանք է տարվում ԱԱԾ տեսչական և ներքին անվտանգության վարչության կողմից, բայց կարծում եմ՝ առաջիկայում կավարտվի և կփոխանցվի քննչական մարմին: Եվ քննչական մարմինը հետագայում պարզաբանումներ կտա»,- նշեց Արթուր Վանեցյանը:

ԱԱԾ տնօրենն ասաց, որ տեղյակ է, թե ինչ նյութեր են ոչնչացվել, բայց չի կարող բացահայտել:

Հիշեցնենք, որ մայիսի 8-ին լրագրողների հետ հարցուպատասխանին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ նախորդ իշխանությունը հեռանալուց առաջ ԱԱԾ-ում նյութեր է ոչնչացրել ու արդեն մի քանի ամիս ընթանում է ծառայողական քննություն, որին պետք է հետևեն ծանր հետևանքներ: «Ես իրավաբան չեմ, բայց իմ քաղաքական գնահատականն այն է, որ դա հանցագործություն է, որովհետև իրենց սեփականությո՞ւնն էին էդ նյութերը, որ ոչնչացրել են»,- ասել էր վարչապետը։

Անդրադառնալով ԱԱԾ տնօրենի տեղակալ Արզուման Հարությունյանի պաշտոնից հեռացմանը, ով Բարձրագույն դատական խորհրդի արդեն նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի եղբայրն է, Արթուր Վանեցյանն ասաց. «Ես շարունակում եմ պնդել, որ Արզուման Հարությունյանը ՀՀ ԱԱԾ լավագույն սպաներից մեկն է, պրոֆեսիոնալ, ազնիվ գեներալ է և նա ոչ թե հեռացվել է աշխատանքից, այլ ազատման դիմում է ներկայացրել, որը բավարարվել է և նա ազատվել է աշխատանքից»:

Հարցին՝ Արզուման Հարությունյանի ազատումը կապ ունե՞ր Գագիկ Հարությունյանի հրաժարականի հետ, ԱԱԾ տնօրենը պատասխանեց. «Դա չեմ կարող մեկնաբանել: Դիմումում բառացիորեն գրված է եղել՝ խնդրում եմ ինձ ազատել ծառայությունից՝ կենսաթոշակային տարիքս լրանալու և երկարաժամկետ ծառայության համար»:

Նախօրեին Հատուկ քննչական ծառայությունը հաղորդագրություն էր տարածել, որ «Մարտի 1»-ի գործով Զաքար Հովհաննիսյանին սպանելու կասկածանքով ձերբակալվել է ոստիկանության զորքերի հրամանատարի նախկին տեղակալ Գեղամ Պետրոսյանը:

Արթուր Վանեցյանը լրագրողների հետ զրույցում հավաստիացրեց, որ ՀՔԾ-ն և ԱԱԾ օպերատիվ մարմինները միմյանց հետ համագործակցելով իրականացնում են ամեն ինչ, որպեսզի «Մարտի 1»-ի գործն ամբողջությամբ բացահայտեն:

Պատասխանելով 10 սպանությունների վերաբերյալ ձերբակալությունների շարունակականության հարցին, Արթուր Վանեցյանն ասաց. «Քրեական գործը գտնվում է հատուկ քննչական ծառայության վարույթում: ՀՔԾ-ն երեկ տարածել է համապատասխան հաղորդագրություն, որից ավելի բան ասել չեմ կարող: Կլինեն փաստեր, բացահայտումներ, դրա մասին կտեղեկացվեք»: