ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը քննադատել է նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ռուսաստանի հետ կնքած Միջին և փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին պայմանագրից ԱՄՆ-ի դուրս գալու որոշումը՝ այն անվանելով «նվեր» ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: Այս մասին, Tert.am-ի հաղորդմամբ, գրում է The Hill պարբերականը:

«Կարծում եմ՝ սա նվեր է Պուտինին»,-ասել է Քլինթոնը՝ հավելելով, որ ինքն իրավիճակին դիվանագիտական լուծում կտար, իսկ Ռուսաստանի հետ որևէ այլ պայմանագրից առանց բանակցությունների դուրս գալը «մեծացնում է անկանխատեսելիությունը տարածաշրջանում»:

Քլինթոնը նաև ասել է, որ վերջին բանը, որի կարիքն այժմ աշխարհն ունի, միջուկային սպառազինությունների մրցավազքն է:

Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ Վաշինգտոնը փետրվարի 2-ին կսկսի Ռուսաստանի հետ Միջին և փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին պայմանագրից դուրս գալու գործընթացը:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն ռուսական կողմին մեղադրել էր պայմանագիրը խախտելու համար: Մոսկվան, սակայն, մեղադրանքը չէր ընդունել:

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել էր, որ եթե Ռուսաստանը երկամսյա ժամկետում չվերադառնա պայմանագրի լիարժեք իրականացմանը, պայմանագիրը կչեղարկվի: Ի պատասխան՝ Մոսկվան հայտարարել էր, թե այս պայմանագրի չեղարկումը կնշանակի, որ աշխարհում սկսվում է սպառազինության նոր մրցավազք, ինչպես Սառը պատերազմի տարիներին, և այդ մրցավազքը վերահսկող կամ կանխող միջազգային իրավական դաշտ չի լինի: