Սլովակիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը։ 4,45 միլիոն ընտրողները 15 ժամ ունեն՝ ընտրելու պետության ղեկավարին հաջորդ հինգ տարվա համար. թեկնածուները երկուսն են՝ 45-ամյա փաստաբան Զուզաննա Չապուտովան Բրատիսլավայից եւ Եվրահանձնաժողովի փոխղեկավար, 52-ամյա Մարոշ Շեֆչովիչը, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

Նախագահի ընտրությունների ժամանակ կարող է քվեարկել Սլովակիայում մշտապես ապրող, 18-ը լրացած յուրաքանչյուր քաղաքացի։ Քաղաքացիություն ունեցող, բայց արտասահմանում ապրող սլովակների մասնակցությունը քվեարկությանը թույլատրվում է միայն հանրապետության տարածքում, գոնե սահմանամերձ վայրերում։

Օրենսդրությամբ Սլովակիայի նախագահը բավական սահմանափակ ազդեցություն ունի երկրի քաղաքականության վրա, եւ նրա գործառույթները կրում են հիմնականում արարողակարգային բնույթ։ Սահմանադրության համաձայն՝ նախագահը զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարն է, հանրապետությունը ներկայացնում է արտասահմանում, ինչպես նաեւ նշանակում է վարչապետին ու Սահմանադրական դատարանի անդամներին։ Նա նաեւ վետոյի իրավունք ունի այն օրինագծերի հանդեպ, որոնք ընդունում են խորհրդարանի պատգամավորները, բայց նրանք կարող են երկու երրորդ մեծամասնությամբ, այնուամենայնիվ, հաստատել  նախագահի վերադարձրած օրինագիծը։

Սլովակիայի ներկայիս նախագահ Անդրեյ Կիսկան նախընտրել է չառաջադրել թեկնածությունը վերընտրվելու համար՝ նախկին ձեռներեցային գործունեության մի շարք սկանդալների հետ կապված։

Չեպուտովան եւ Շեֆչովիչը 11 մրցակիցներից առաջ են անցել ձայների թվով առաջին փուլում, որը տեղի է ունեցել մարտի 16-ին։ Չապուտովան եւ Շեֆչովիչն այն ժամանակ հավաքել էին ձայների 40,57 եւ 18,66 տոկոս՝ համապատասխանաբար։ Երկրորդ փուլում հաղթանակի համար թեկնածուներից մեկին բավական կլինի ձայների պարզ մեծամասնությունը։