Fox News-ը հայտնել է, որ ԱՄՆ Նյու Ջերսի նահանգի դպրոցներից մեկում ուսուցչուհուն ազատել են աշխատանքից այն բանի համար, որ պատմել է աշակերտներին, որ իրականում Սանտա Կլաուս գոյություն չունի։ Դպրոցի տնօրինությունը դա որակել է որպես վիրավորանք Սանտա Կլաուսի հասցեին։ Ըստ հաղորդման, դասի ժամանակ ուսուցչուհին պատմել է աշակերտներին, որ նվերները նրանց փոխանցում են ծնողները, իրականում, եւ ոչ թե Սանտա Կլաուսը։ Նա նաեւ ասել է, որ գոյություն չունեն նաեւ զատկական նապաստակը, էլֆերը, լեպրեկոնները, Սուրբ Ծննդյան եղջերուները, ատամահոգիները եւ այլն։ Դպրոցականները չափազանց սրտին մոտ են ընդունել ուսուցչուհու բացահայտումները։ Ի դեպ, պարզվել է նաեւ, որ նա հաստիքային ուսուցչուհի չի եղել եւ փոխարինել է հիմնական ուսուցչուհուն, ով չի կարողացել այդ օրը դասը վարել։