Լոնդոնի «Արսենալի» հույն պաշտպան Սոկրատիս Պապաստատոպուլոսը մեկնաբանել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի՝ ֆուտբոլի Եվրոպայի լիգայի եզրափակիչին չմեկնելու որոծումը:

«Անկասկած, դա մեծ կորուստ է մեզ համար: Մենք շատ տխուր ենք եւ պետք է հաղթենք հանուն նրա»,- Սոկրատիսի խոսքը մեջբերում է Sky Sports-ը:

Հիշեցնենք, որ մայիսի 29-ին Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում կայանալիք եզրափակիչում «Արսենալի» մրցակիցը կլինի Լոնդոնի «Չելսին»:

Ավելի վաղ ՈւԵՖԱ-ն եւ Ադրբեջանի իշխանությունը «Արսենալին» եւ Մխիթարյանին տվել էին անվտանգության երաշխիքներ, սակայն լոնդոնյան ակումբը մայիսի 21-ին հայտարարեց, որ հայ կիսապաշտպանի եւ նրա ընտանիքի հետ քննարկումների արդյունքում որոշել են ֆուտբոլիստին չտանել Բաքու։

Նախկինում Մխիթարյանը բաց է թողել երկու արտագնա եվրագավաթային հանդիպումներ արդբեջանական ակումբների հետ։ 2017-ին Հենրիխ Մխիթարյանը Եվրոպայի լիգայի գավաթակիր դարձել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում: