Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը կալանավորվել է:

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան՝ տեղեկացրին ԱԱԾ մամուլի կենտրոնից:

Վերմիշյանին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու համար, եւ փետրվարի 8-ին միջնորդություն էր ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ։

Մեր հարցին ի պատասխան՝ ԱԱԾ մամուլի կենտրոնից տեղեկացրին նաեւ, որ դատարանը բավարարել է Քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության նախկին պետ Ջոն Ֆարխոյանին կալանավորելու միջնորդությունը՝ միաժամանակ թույլատրելի համարելով գրավի կիրառելիությունը: ԱԱԾ-ից, սակայն, չասեցին, թե ինչ հոդվածով է Ֆարխոյանին մեղադրանք առաջադրվել:

ՀԺ-ի տեղեկություններով՝ Ջոն Ֆարխոյանն ազատ է արձակվել 5 միլիոն դրամի դիմաց: 

Հիշեցնենք՝ փետրվարի 5-ի վաղ առավոտից ԱԱԾ աշխատակիցներն օպերատիվ գործողություններ էին իրականացրել Վահագն Վերմիշյանի աշխատասենյակում, ապա՝ նրա հետ միասին հեռացել շենքից: Ժամեր անց ԱԱԾ-ն հայտարարել էր, որ Վերմիշյանը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու համար եւ խոստովանել ենթադրյալ հանցագործությունը։

ԱԱԾ հաղորդագրության մեջ նշվում էր, որ շինարարական աշխատանքներ ծավալող անձանց կամ կառուցապատող ընկերությունների ներկայացուցիչների հետ ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն՝ ինչպես անձամբ, այնպես էլ մտերիմի միջոցով Վերմիշյանը 5 դեպքով խոշոր և առանձնապես խոշոր՝ 1.000.000-2.500.000 ՀՀ դրամի չափով, գումարի կամ ապրանքանյութական արժեքների տեսքով կաշառք էր ստացել՝ դրա դիմաց 2019 թ. ընթացքում կաշառքը փոխանցողների օգտին կատարել գործողություններ կամ նպաստել ցանկալի որոշումների արագ կայացմանը և տրամադրմանը: