ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կողմից ՍԴ անդամի թեկնածուի համար Վահե Գրիգորյանի թեկնածություն առաջադրելու մեջ որևէ իրավական խնդիր չի տեսնում։

Ինչ վերաբերում է հարցին, որ փաստաբան Վահե Գրիգորյանի ՍԴ թեկնածությունը արդյոք լեգիտիմ է, եթե նա ժամանակին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին ոչ լեգիտիմ է համարել, Անդրանիկ Քոչարյան ասաց, որ Վահե Գրիգորյանը ժամանակին ներկայացրել է իր տեսակետը։ Նա նաև նկատեց, որ Արմեն Սարգսյանի՝ ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնելը որևէ դատական ատյանում չի վիճարկվել։

«Վահե Գրիգորյանը բոլոր տուժողների սիրելին է եղել՝ իր գիտելիքներով ու ապրած կյանքով։ «Մարտի 1»-ի տուժողների, Բուզանդի փողոցի տուժողների սիրելին է եղել, դրա համար էլ փորձել են նրան մեկուսացնել։ Որևէ մեկը չի կարող կասկածի տակ դնել տվյալ թեկնածուի թե՛ պրոֆեսիոնալ, թե՛ բարոյական նկարագիրը։ Նրա թեկնածությունը կարևոր գործընթաց է դատաիրավական համակարգի փոփոխությունների համար»,- ասաց նա։

Անդրանիկ Քոչարյանը, խոսելով ՀՅԴ–ականների <<Ես եմ ծեծել>>  անունն ստացած ակցիայի մասին և անդրադառնալով հարցին, թե սա հետևանք չէ՞ տևական ժամանակ համացանցում առկա անհանդուրժող մթնոլորտին, ասաց, որ ընդհանրապես պետք է դատապարտել բռնությունը։

«Ընդհանարապես նախկին ասացվածք կար՝ սովետական միլիցիան ծեծին դեմ է։ Ընդհանրապես պետք է դատապարտել բռնությունը, իրավապահ մարմինները համապատասխան գնահատական անմիջապես կարող են տալ։ Սա կոնկրետ գործողություն է, որն իր մեջ բռնություն է պարունակում»,- ասաց նա։

Հարցին, թե ակտիվիստների կողմից Արցախի նախագահի գլուխը քարերով ջարդելու կոչը բռնություն չէ՞ր, Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց․ «Կարծում եմ՝ մամուլի հրապարկումները պետք է վերցնել հիմա ու համապատասխան գործ հարուցել։ Իսկ Արցախի նախագահի գլուխը ջարդելը բռնության կոչ է, իրավապահ մարմինները պետք է ոչ միայն դատապարտեն, այլ պարզեն հետևանքներն ու կանխեն դրանք»։