Ալբանիայի պառլամենտում ընդդիմության ներկայացուցիչները ձվեր են նետել երկրի վարչապետ, իշխող սոցիալիստական կուսակցության նախագահ Էդի Ռիմայի վրա։ Այս մասին հայտնում է Albanian Daily News-ը։

Նշենք, որ Ալբանիայում այս տարվա դեկտեմբերի սկզբից զանգվածային ցույցեր են տեղի ունենում ուսանողների կողմից՝ ձախողված քննությունների դիմաց դրամական տույժերի գանձման հետ կապված կառավարության որոշման պատճառով։ Իրադրությունը չսրելու համար կառավարությունը որոշել է գնալ զիջումների, սակայն ուսանողները նոր պահանջներ են առաջադրել։ Հազարավոր ուսանողներ ամեն օր ճանապարհներ են փակում երկրի Կրթության նախարարության շենքի մոտ։

Բանակցում է ցուցարարների հետ վարչապետ Ռիման։ Այն բանից հետո, երբ վարչապետ Էդի Ռիման հայտարարել էր պառլամենտում, որ ավելի լավ է ինքը զբաղվի ուսանողների հետ բանակցություններով, եւ թույլ տա, որ ընդդիմության ներկայացուցիչները իրենք իրար մեջ խոսեն, ընդդիմադիր դեմոկրատական կուսակցության պատգամավոր Էնդրի Հասան սկսել է վարչապետի վրա ձվեր նետել։ Իսկ երբ անվտանգության աշխատակիցները փորձել են նրան հեռացնել դահլիճից՝ դիմադրություն է ցույց տվել։