Վենեսուելայում անցկացվող բողոքի ցույցերի ընթացքում 218 մարդ է ձերբակալվել: Ավելի վաղ հաղորդվել էր 175 ձերբակալվածի մասին։ Երկրի ՆԳՆ-ը հայտնում է , որ ոստիկանության հետ բախումների հետևանքով սպանվածների թիվը վերջին երկու օրվա ընթացքում 14-ի է հասել, գրում է BBC-ն: Այլ լրատվամիջոցներ հայտնում են առնվազն 16 զոհի մասին:

Հիշեցնենք, որ բողոքի ցույցերը տեղի են ունենում երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոյի քաղաքականության դեմ: Հազարավոր ցուցարարներ պահանջում են  երկրում սահմանադրական կարգի ու ժողովրդավարության վերականգնում:

Ավելի վաղ ընդդիմադիր խորհրդարանի նախագահ Խուան Գուաիդոն իրեն երկրի ժամանակավոր առաջնորդ էր հռչակել: Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն աջակցում է Գուաիդոյին և պահանջում է Մադուրոյի հրաժարականը, սակայն Մադուրոն իրեն սահմանադրական նախագահ է հայտարարել, իսկ ընդդիմադիր խորհրդարանին անվանել «ԱՄՆ-ի խամաճիկ»: