Վրաստանի Գուդաուրի լեռնադահուկային հանգստավայրում բացվել է ամենաերկար ճոպանուղին: Բացմանը ներկա է եղել Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն՝ փոխանցում է «Միր 24»-ը:

«Այս ճանապարհը կենսականորեն կարևոր է շրջանի բնակիչների համար, քանի որ եղանակային վատ պայմանների և ռելիեֆի պատճառով՝ հատկապես ձմռանը, ավտոմեքենաների մայրուղին փակ է լինում: Այժմ ձյան տեղումները և ձնահոսքերը չեն խանգարի տեղաշարժվել զբոսաշրջիկներին և տեղի բնակիչներին»,- ասել է նա:

Նոր ճոպանուղին ձգվում է 7,5 կմ: Մեկ ժամում դրանով կարող է անցնել 2800 մարդ: Գուդաուրին մեծ համբավ ունի զբոսաշրջիկների շրջանում: Այստեղ ներկայացվում են դահուկային մարզաձևի բոլոր ձևերը:

2023-ին նախատեսվում է այստեղ ավարտել թունելի կառուցումը Ռազմավարական ճանապարհի ամենաբարդ հատվածում: Դա կթեթևացնի Ռուսաստանի և Վրաստանի միջև տրանսպորտի երթևեկությունը:

Այս տարի Գուդաուրին կնշի իր 30-ամյա հոբելյանը: Վերջին 6 տարիներին այստեղ զբոսաշրջիկների թիվն ավելացել է 500%-ով: