Վրաստանում խոզագրիպից վերջին ամսում մահացել է 13 մարդ, հայտնում է ria.ru-ն՝ վրացական «Ռուսթավի» հեռուստաընկերության կայքին հղումով:

«H1N1 վիրուսի տարածման պատճառով երկրի կլինիկաները կարանտին են հայտարարել: Բուժհաստատություններն աշխատում են արտակարգ ռեժիմով: Վերջին տվյալների համաձայն՝ լաբորատոր հաստատվել է H1N1 վիրուսի 162 դեպք, մահացել է 13 քաղաքացի, լաբորատոր հաստատվել է 10 մահացու դեպք»,- հայտնել է հեռուստաալիքն իր կայքում:

Երեկ հաղորդվել էր, որ Վրաստանում, լաբորատոր հաստատված տվյալների համաձայն, գրանցվել է խոզի գրիպից մահվան 10-րդ դեպքը:

Բժիշկները կոչ են անում բոլորին առաջին իսկ ախտանշանների դեպքում դիմել բուժհաստատություններ: Հաշվի առնելով բարդացող իրավիճակը՝ չի բացառվում, որ դպրոցական արձակուրդները հետաձգվեն: Վրաստանի առողջապահության և կրթութան նախարարությունները հիվանդացության դեպքերի ընթացքն ուսումնասիրելուց հետո այդ առնչությամբ որոշում կկայացնեն: