Նիդեռլանդներում գործող SpaceLife Origin ընկերությունը մտադիր է հավակնոտ նախագիծ իրականացնել՝ տիեզերք ուղարկելով հղի կնոջ ու այնտեղ կազմակերպելով նրա ծննդաբերությունը:

Ինչպես նշում է Oddity Central-ը, հոլանդացի մասնագետները հույս ունեն անմահանալ պատմության մեջ՝ Երկրի մակերևույթից 400 կմ բարձրության վրա կազմակերպելով երեխայի առաջին վերերկրային ծնունդը:

Թեև այս գաղափարն առաջին հայացքից խելահեղ է թվում, SpaceLife Origin-ում վստահ են, որ մարդկության հետագա գոյությունը կախված է դրանից:

Ընկերության ղեկավարներից Էգբերտ Էդելբրոքի համոզմամբ՝ մարդիկ պետք է սովորեն՝ ինչպես ծննդաբերել տիեզերքում, զրոյական ձգողականության պայմաններում, որպեսզի մարդկային ցեղը հարատևի:

«Նույնիսկ եթե մենք այլ մոլորակ գտնենք ու կարողանանք այն բնակեցնել, միևնույն է՝ նախևառաջ պետք է սովորենք տիեզերքում վերարտադրվելու գաղտնիքները»,-նշել է նա:

Հայտնի է, որ SpaceLife Origin-ն առաջիկա հինգա տարվա ընթացքում կզբաղվի փորձարկումներով, մինչդեռ բուն տիեզերական ծննդաբերությունը պետք է տեղի ունենա արդեն 2024թ.:

Այնուհանդերձ՝ գիտնականները դա չափազանց ռիսկային փորձ են համարում թե՛ հղիի, թե՛ պտղի համար: