ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը պաշտոնապես տեղեկացվել է այն մասին, որ նախկին Մակեդոնիայի Հարավսլավական Հանրապետությունն անվանափոխվել է՝ այսուհետ կոչվելով Հյուսիսային Մակեդոնիա:

Այս մասին հայտնել է Գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը՝ նշելով, որ Գուտերեշը ողջունել է այս քայլը:

Իսկ Մակեդոնիայի իշխանությունները 3 օրում կփոխեն դեպի երկիր մտնող ու դուրս եկող ուղղություններով տեղադրված բոլոր ցուցանակները, 3 ամսվա ընթացքում էլ կփոխվեն բոլոր պետական կառույցների ցուցանակները:

Առաջինը հատուկ արարողակարգով, պաշտոնապես փոխվել է Մակեդոնիան Հունաստանի հետ կապող միջպետական ավտոճանապարհի ցուցանակը՝ մաղթելով երկրի այցելուներին «բարի գալուստ Հյուսիսային Մակեդոնիա»: