2019 թվականի հունվարի երկրորդ շաբաթ Պեկին կժամանի ԱՄՆ կառավարության պատվիրակությունը չինացի պաշտոնյաների հետ առեւտրային բանակցություններ վարելու համար, հայտնում է Bloomberg-ը:

Գործակալության աղբյուրների փոխանցմամբ՝ պատվիրակությունը կղեկավարի առեւտրային բանակցություններում ԱՄՆ ներկայացուցչի տեղակալ Ջեֆրի Ջերիշը, խորհրդակցությունների մասնակիցների թվում կլինեն ֆինանսների նախարարության միջազգային գործերով փոխնախարար Դեւիդ Մալփասը: ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինն անցյալ շաբաթ հաստատել էր, որ Թրամփի վարչակազմը Պեկինի հետ երկկողմ առեւտրային հարաբերությունների հարցով հեռախոսային բանակցություններ է վարել, հիշեցնում է գործակալությունը:Նշվում է, որ բանակցություններն առաջինը կլինեն այն ժամանակից սկսած, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը եւ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը G20 գագաթնաժողովում համաձայնության էին եկել նոր առեւտրային սակագների սահմանումը մինչեւ 2019 թվականի մարտ հետաձգելու հարցում: Ընդ որում՝ Սպիտակ տունը չէր բացառել 2 առաջնորդների հանդիպումից հետո չինական ապրանքների համար նոր մաքսատուրքերի սահմանման մասին հայտարարելու հնարավորությունը: