2018 թվականի տվյալներով՝ Amazon-ի զուտ շահույթը կազմել է 10,1 մլրդ դոլար, նշված է ընկերության հրապարակած հաշվետվության մեջ: 2017 թվականի համեմատությամբ այս ցուցանիշը մեծացել է ավելի քան 3 անգամ՝ այդ ժամանակ շահույթը կազմում էր 3 մլրդ դոլար, փոխանցում է ՌԲԿ-ն:

2017-ի համեմատությամբ ընկերության դրամական մուտքերն աճել են 30 տոկոսով՝ 232,9 մլրդ դոլար 177,9 մլրդ դոլարի դիմաց: Տարվա 4-րդ եռամսյակում ընկերությունը ստացել է 72,4 մլրդ դոլար, իսկ զուտ շահույթը նույնն էր, ինչ ամբողջ 2017 թվականի ցուցանիշը՝ 3 մլրդ դոլար: 2019 թվականի 1-ին եռամսյակում ընկերությունն ակնկալում է 56-60 մլրդ դոլարի մուտքեր:

Հաշվետվության մեջ հատուկ ուշադրություն է դարձվում Amazon-ի ձայնային օգնականով Alexa սարքերի վաճառքին: Ինչպես հետեւում է ընկերության СЕО Ջեֆ Բեզոսի հայտարարությունից, որը ներկայացված է փաստաթղթում, 2018 թվականին Amazon-ը 20 տոկոսով բարելավել է օգտատերերի բանավոր հարցումները հասկանալու Alexa-ի հմտությունները: Իսկ ընկերության Echo Dot-ը ներկառուցված Alexa-ով դարձել է Հյուսիսային Ամերիկայում տոների սեզոնին ընկերության ամենավաճառվող արտադրանքը: Նրա խոսքով՝ անցյալ տարի օգտատերերը Echo հավաքածուի ընդհանուր 1 մլն-ով ավելի արտադրանք են գնել, քան 2017 թվականին: