Apple կորպորացիան 2017 թվականին թողարկել է AirPower անլար լիցքավորման սարքի նմուշը: Սակայն երկու տարվա ընթացքում նոր գաջեթի վաճառքի մասին լուրերը չեն թարմացվել: Լիցքավորման սարքի արտադրություն սկսելու մասին թվիթերյան գրառում էր արվել արդեն անցյալ տարի՝ հղում կատարելով ընկերության պաշտոնական մատակարարներից մեկին: Առայժմ AirPower լիցքավորման սարքի արտադրությունը հետաձգվում է տարբեր պատճառներով: Կարճ ժամանակ Apple-ի պաշտոնական կայքում տեղադրված էր տեղեկատվություն AirPower արտադրանքի մասին, սակայն որոշ ժամանակ անց այն հեռացվել էր:

Ըստ վերջին լուրերի՝ բոլոր խոչընդոտներն արդեն վերացվել են, եւ մարտկոցների լիցքավորման սարքի արտադրությունը շուտով կսկսվի, հաղորդում է Planet Today-ը:

Նորույթի արտադրությամբ կզբաղվի Luxshare Precision ընկերությունը, որն արտադրել էր AirPods ականջակալներն ու USB մալուխները:

Այսօրվա դրությամբ չկան հավաստի տվյալներ լիցքավորման սարքի վաճառքի ժամկետների, ինչպես նաեւ արժեքի մասին: Ենթադրվում է, որ կորպորացիան շուտով կհրապարակի այդ մասին ճշգրիտ տեղեկատվությունը:

Ավելի վաղ սարքի թողարկումը խոչընդոտում էին ծրագրային ապահովման անսարքություններն ու սարքի գերտաքացումը: