Սլովենիայի նախագահ Բորուտ Պախորը Sky News-ի հետ էքսկլյուզիվ հարցազրույցում հայտարարել է, որ իր երկիրը եւ ԵՄ «շատ այլ» երկրներ կարող են Brexit-ը կարճ ժամանակով հետաձգել:

Հարցազրույցում, որը Սլովենիայի նախագահը հեռուստաալիքին տվել է Մեծ Բրիտանիա իր եռօրյա այցի ժամանակ, նա նշել է, որ Բրիտանիան պետք է «հստակություն եւ կոնսենսուս» ցույց տա եւ ԵՄ-ին ծրագիր ներկայացնի, որը կարող է ստանալ խորհրդարանի անդամների հավանությունը:

Հեռուստաալիքը նշում է, որ Սլովենիայի նախագահի այս արտահայտությունը հնչել է Brexit-ի հարցով գլխավոր բանակցող Միշել Բարնիեի հայտարարությունից հետո, որը նշել էր, թե պատրաստ է Բրիտանիային ավելի շատ երաշխիքներ տալ, որ Իռլանդական «բեքսթոփը» նշվել էր որպես ժամանակավոր միջոցառում:

«Բեքսթոփ» են անվանել լրացուցիչ ծրագիրը, որը թույլ կտա խուսափել Իռլանդիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի միջեւ խիստ սահմանից այն դեպքում, եթե Մեծ Բրիտանիան եւ ԵՄ-ն ազատ առեւտրի վերաբերյալ գործարք չկնքեն: